Ճանապարհորդություն դեպի լուսին

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

(մաս 2)

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

-Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ,

աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:

-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզուր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

-Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:

Խորհրդականներն ուրախությունից ծափ են տալիս:

-Սպասեցե՛ք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

— Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

-Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք։

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք

հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

-Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: — Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանել տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով

մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.

Իրարանցում -խուճապ 

Նշմարել — նկատել, տեսնել

Շվարել -մոլորվել, շփոթվել

Աղետ — դժբախտություն, չարիք

Դարսել- իրար վրա դնել

  1. Բլոգում համառոտ պատմի՛ր, թե ինչպես էին բալզաթցիները եկեղեցին տեղից շարժում և այդ հատվածը վերնագրի՛ր։      Անխելք բալզաթցիները                            Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու

սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

-Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել:

  1. Բալզաթցիների արարքները թվարկի՛ր.

Ա) եկեղեցին տեղաշարժելը

Բ) Հրդեհը հանգցնելը

Գ) Լուսինը բռնելը

  1. Ինչպիսի՞ն էին բալզաթցիները:

Բալզաթցիները միամիտ էին, անխելք, իրականությունից կտրված։

  1. Հեքիաթ հորինի՛ր:

«Բալզաթցիների նոր արկածները»

—Լինում են, չեն լինում անխելք բալզաթցիներ են լինում։ Հիմա էլ նրանք որոշում են գողանալ արևը։ Նրանք հավաքվում են, ժողով անում ու մտածում, թե ինչպես հասնեն արևին։ Բալզաթցիները որոշում են տարբեր իրեր գնել, իրար վրա դարսել ու բարձրանալ երկինք։ Նրանք մի քանի մետր բարձրանում են և ուժեղ փոթորիկ է սկսվում, անձրև գալիս։

Քամին բալզաթցիներին այս ու այն կողմ է քշում։ Նրանք մինչև այսօր չեն հասկացել, թե ինչու չկարողացան գողանալ արևը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով